Հրազդանի կիրճում նոր հանգստի գոտի կկառուցվի, ծրագրի բյուջեն 172 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով առաջարկվում է 172 մլն դրամի վերաբաշխում իրականացնել Երևանի քաղաքապետարանին՝ Հրազդանի կիրճում նոր հանգստի գոտի կառուցելու նպատակով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ նախագիծն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից մոտ 5,5 կմ վրա։
«Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր՝ նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում», - ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նշեց, որ արդեն իրականացվել է կիրճի ամբողջական վերլուծություն՝ ուսումնասիրվել է ֆլորան, ֆաունան և մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Երևանում ներկայումս իրականացվում է բնապահպանական 3 խոշոր ծրագիր, որոնք ներառում են Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելը, Դալմայի այգիների տարածքում քաղաքային անտառ-պուրակի ստեղծումը և Նորք Մարաշում վերադարձված ավելի քան 7 հա հողատարածքի վրա քաղաքային անտառ-պուրակի հիմնումը։
Ավինյանը հայտնեց․ որ համաձայնագիրն արդեն կնքված է, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս։