Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի բնապահպանության նախարարությունը 3–րդ եռամսյակում 107 արտեզյան հորատանցքեր է փակել` տնտեսելով 11.333 լ/վրկ ջուր

27.10.2014, 17:02
Հայաստանի բնապահպանության նախարարությունը 2014 թվականի երրորդ եռամսյակում կոնսերվացրել կամ փակել է 107 արտեզյան հորատանցք` տնտեսելով 11 հազար 333 լ/վրկ ջուր, հայտարարեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։

Հայաստանի բնապահպանության նախարարությունը 3–րդ եռամսյակում 107 արտեզյան հորատանցքեր է փակել` տնտեսելով 11.333 լ/վրկ ջուր
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը 2014 թվականի երրորդ եռամսյակում կոնսերվացրել կամ փակել է 107 արտեզյան հորատանցք` տնտեսելով 11 հազար 333 լ/վրկ ջուր, հայտարարեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։

Ըստ  նրա` հուլիսի 16–ից նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ արտեզյան հորատանցքների մոնիտորինգի համար, որը հետևել է մոտ 200 հորատանցքերի։

«107 արտեզյան հորատանցքերից 63–ը պատկանել են ձկնաբուծական տնտեսությունների, 8–ը`«Հայջրմուղկոյուղի» ընկերությանը և 36–ը` «Երևանջուր» ընկերությանը։ Մենք նաև իրականացրել ենք համայնքների և ջրօգտագործող ընկերությունների մոնիտորինգ»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց փոխնախարարը։

Հակոբյանը նշեց, որ նախորդ տարի տնտեսվել է 243 լ/վրկ ջուր, այն դեպքում, երբ միայն վերջին երեք ամիսներին այդ տնտեսումը կազմել է 11 հազար 333 լ/վրկ ջուր։

Նա հայտնեց նաև, որ անօրինական ջրօգտագործողները տուգանվել են 6.4 մլն դրամով։ «Այժմ լայնածավալ ստուգումներ են կատարվում «Հայջրմուղկոյուղի» և «Երևանջուր» ընկերություններում»,– նշեց Հակոբյանը։

Ըստ փոխնաախարարի` նախարարությունը պատրաստվում է փորձնական ծրագիր գործարկել մի տնտեսվարող սուբյեկտում, որը թույլ է տալիս ջրառի կետերում մշտադիտարկում կատարել։ «Եթե ծրագիրը հաջող անցնի, ապա մենք այն կիրականացնենք ոչ միայն ձկնաբուծական ձեռնարկություններում, այլ նաև համայնքներում և ջրօգտագործող ընկերություններում»,– պարզաբանեց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ նման աշխատանքները կարող են նպաստել ջրային ավազանների վերականգնմանը։ Միաժամանակ Հակոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը 71 մլն դրամ է հատկացրել 2014-2015 թվականներին Արարատյան արտեզյան ավազանի կառավարման ծրագրի իրականացման համար, և մինչև 2015 թվականի սեպտեմբերը «մենք արդեն այդ ռեսուրսների կառավարման ծրագրի ամբողջական հայեցակարգ կունենանք»։

Կառավարության տվյալներով` ստորերկրյա ջրային ռեսուրսների մոտ 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում։ Ստորերկրյա ջրերի օգտագործման համար վերջին տասնամյակներին փորվել են բազմաթիվ խորը ջրհորներ, որոնց զգալի մասն անօրինական կերպով շահագործվում է պոմպերով։ Դա հանգեցնում է ջրհորների զգալի աղտոտմանը։

ՀՀ կառավարությունը 2013 թվականի հուլիսին որոշում է ընդունել ստորերկրյա ջրերի օգտագործման դիմաց 15 դրամ/խմ և մակերևութային ջրերի օգտագործման դիմաց 5 դրամ/խմ չափով վճար սահմանելու մասին։ Ավելի վաղ այդ ջրերն օգտագործվել են անօրինական կերպով։

Կառավարության գնահատականների համաձայն` յուրաքանչյուր ջրհորի կոնսերվացման  համար մոտ 4 մլն դրամ կպահանջվի։ Առաջին հերթին  կոնսերվացվում են ինքնաշատրվանող ջրհորները։ -0-