Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով

29.03.2013, 14:48
ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետբյուջեն հունվար-փետրվարին կատարվել է շուրջ 24 մլրդ դրամ հավելուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:

Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2013 թվականի առաջին եռամսյակի բյուջետային ծրագրով նախատեսված է 2.4 մլրդ դրամ բյուջեի պակասուրդ։

Զարգարյանի խոսքով` ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2013թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում կազմել են 155.7 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 131.7 միլիարդ դրամ, որոնք համապատասխանաբար 70 տոկոսով եւ 58.6 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը։

«Եկամուտների հիմնական մասը` 147.6 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի և տուրքերի հաշվին, ինչը 30.5 տոկոսով (34,5 մլրդ դրամ) շատ է նախորդ տարվա ցուցանիշից»,– նշեց նա։

Զարգարյանը հայտնեց նաև, որ 2013 թվականի հունվարի մեկից ներդրված շրջանառության հարկի և միասնական եկամտային հարկի գծով եկամուտները կազմել են, համապատասխանաբար, 991.4 և 24.1 մլն դրամ։

«Ծախսերը կազմել են 131.7 մլրդ դրամ, ինչը 14.1 տոկոսով կամ 16.2 մլրդ դրամով ավելի են նախորդ տարվա ցուցանիշից։ Պետբյուջեի գերակշռող մասը կազմել են ընթացիկ ծախսերը` 128.2 մլրդ դրամ, ինչը 13.7 տոկոսով կամ 15.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,– ավելացրեց նա։

2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամ։ 2013 թվականին հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը։

Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119.7 մլրդ դրամի չափով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի հաշվին 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։

12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի սահմաններում։ -0-