Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

ՀՀ-ն որևէ երկրի քաղաքացիական օդանավերի համար իր օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել․ քաղավիացիա

Երեկ, 12:06
Քաղավիացիան պարզաբանել է  վերջին շրջանում ՀՀ օդային տարածքի օգտագործման և ՀՀ օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման շուրջ շահարկումները և ապատեղեկատվության տարածումը
ՀՀ-ն որևէ երկրի քաղաքացիական օդանավերի համար իր օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել․ քաղավիացիա

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։

Այս մասին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ պարզաբանելով վերջին շրջանում ՀՀ օդային տարածքի օգտագործման և ՀՀ օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման շուրջ շահարկումները և ապատեղեկատվության տարածումը։

Նշվում է, որ ՀՀ-ն ղեկավարվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, ըստ որի՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) որևէ անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ-պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա», - նշված է հաղորդագրության մեջ:

Քաղավիացիայից հայտնում են, որ ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով (NOTAM):

Նշվում է նաև, որ ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը (վերը նշված թռիչքային պլանը) քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին։