ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։
Այս մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երկաթուղային այս ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ Հայաստանի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։
«Ասեմ նաև, որ մենք պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը», - նշել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։
Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարումների մասին
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների երկաթուղային փոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ։
Այս երթուղին գործարկվել է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։
Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան հասած ապրանքների առաջին երկու խմբաքանակներն էին՝ ռուսական հացահատիկով գնացքը (15 վագոն, ժամանել է նոյեմբերի 5-ին) և ղազախական ցորենով գնացքը (մոտ 1000 տոննա, հասել է նոյեմբերի 7-ին)։
Այնուհետև՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստան է հասել Ադրբեջանից 1218 տոննա բենզին տեղափոխող գնացք՝ 2026 թվականի նոյեմբերի 28-ին Գաբալայում հայ և ադրբեջանցի փոխվարչապետների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։