Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականությունը․ Փաշինյան

Երեկ, 18:08
Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն, հայտարարել է Փաշինյանը
ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականությունը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ։ 

«Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար», - ասել է Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ այս նպատակով՝ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ 

«Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին», - նշել է վարչապետը։ 

Նա ընդգծել է, որ հաշվի առնելով այս հանգամանքները, Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ 

«Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ», - ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։ 

Նա նաև նշել է, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական Ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ 

Հայ–ամերիկյան համաձայնագրերը 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին Հայաստան կատարած պաշտոնական երկօրյա այցի շրջանակում ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

Փաստաթուղթը ձևավորում է իրավական հիմք խաղաղ ատոմի ոլորտում հետագա փոխգործակցության, մասնավորապես՝ լիցենզավորման և ԱՄՆ տեխնոլոգիաների ու սարքավորումների հնարավոր ներգրավման համար։ Համաձայնագիրը նախատեսում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման մատակարարումներ սկզբնական փուլում և ևս մինչև 4 միլիարդ դոլար՝ վառելիքի և սպասարկման համար։

Հայկական ԱԷԿ–ի մասին 

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։

Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ։ 

Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։ 

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։