ՀՀ կառավարությունը կաջակցի խաղողագործներին. հաստատվել է խաղողի երկու տեսակների մթերման միջոցառումը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հինգշաբթի կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է 2025 թ.-ի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, այս նախագծով նախատեսվում է աջակցել Վայոց ձորի մարզի խաղողագործներին խաղողի այս տեսակների իրացման հարցում, քանի որ գինու սպառման մեջ նկատվում է որոշակի անկման միտում՝ թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան շուկայում։ Անցյալ տարի նախադեպ է եղել, որ պատրաստի արտադրանքը չի իրացվել։
«Այս պատճառով Արենի և Ոսկեհատ խաղողի պահանջարկը նվազել է, և վերամշակող գործարանները այս տարի ավելի քիչ են հետաքրքրված այս երկու տեսակ խաղողների գնմամբ։ Գինի արտադրող կազմակերպությունները, խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները և մթերումներն իրականացնում իրենց իսկ այգիներից»,-պարզաբանել է փոխնախարարը։
Խոջոյանը հավելել է, որ ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա։
«Դրանցից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը: Իրացման խնդիրը առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով»,- նշել է Արման Խոջոյանը:
Խոջոյանը նշել է նաև աջակցության պայմանները։
«Խաղողի հիմքով սպիրտի արտադրության համար անհրաժեշտ է պետական աջակցություն Արենի և Ոսկեհատ խաղողի 2100 տոննա վաճառքի համար։ Առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում», - նշել է նա։