Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի մասնաբաժինը 2012թ.–ին կարող է հասնել 21.5%–ի

15.10.2012, 16:39
Հայաստանի ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2012 թվականին կարող է հասնել 21.4-21.5 տոկոսանոց մակարդակի` «ստվերային տնտեսության» կրճատման հաշվին, կարծում է Հայաստանի հայրենական արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։
ՀՀ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի մասնաբաժինը 2012թ.–ին կարող է հասնել 21.5%–ի
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2012 թվականին կարող է հասնել 21.4-21.5 տոկոսանոց մակարդակի` «ստվերային տնտեսության» կրճատման հաշվին, կարծում է Հայաստանի հայրենական արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։

2012 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի մասնաբաժինը նախատեսված է 17.36–տոկոսանոց մակարդակում։ Եկամտային մասը կկազմի 911.6 մլրդ դրամ, իսկ ծախսի հատվածը` 1044.1 մլրդ դրամ, պակասուրդը` 132.5 մլրդ դրամ։ Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը կազմում են 732 մլրդ դրամի հարկային մուտքերը։

«Ներկայում բավականին շոշափելի է «ստվերային տնտեսությունը», և ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունն այս տարի նախատեսված է 17.36–տոկոսանոց մակարդակում։ «Եկամտահարկի մասին» օրենքի լրացումների համաձայն, «ստվերային տնտեսությունը» որոշակիորեն կկրճատվի, և ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը կարող է հասնել 21,4-21,5%»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։

Սաֆարյանը միաժամանակ նշեց որոշ դժվարություններ, որոնց հետ կարող են բախվել աշխատակիցները «Եկամտահարկի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Ռիսկերից մեկը նա նշեց այն, որ իբր ընկերության գործունեության վերակազմավորման պատճառով աշխատակցին կարող են ազատել աշխատանքից՝ նրա աշխատավարձը բարձրացնելուց խուսափելու համար։

Խոսելով անուղղակի և ուղիղ հարկերի հարաբերակցության մասին` միության ղեկավարն ասաց, որ «տնտեսության զարգացման համար խոչընդոտներ ստեղծող» անուղղակի հարկերը, մասնավորապես, ակցիզային հարկը, ԱԱՀ–ն, մաքսային հարկը, կազմում են մինչև 65 տոկոս, իսկ «տնտեսության զարգացման միտումներն արտացոլող» ուղիղ հարկերը, մասնավորապես, եկամտահարկը և շահութահարկը, կազմում են 28-30 տոկոս։

2013 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում «Եկամտահարկի մասին» նոր օրենքը։ Եթե այսօր սոցիալական ապահովագրության ամսական վճարման մեծ մասը վճարվում է գործատուի կողմից, ապա նոր օրենքի համաձայն, հունվարի 1–ից սոցվճարման ողջ գումարը կվճարվի աշխատակցի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորված կլինեն բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ աշխատակիցների փաստացի եկամուտները չնվազեն։

Ավելի վաղ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել էր, որ այժմ 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում գործատուն 19 հազար դրամ է վճարում որպես սոցվճար, իսկ աշխատողի աշխատավարձից հանվում է 3 հազար դրամի սոցվճար և 6450 դրամ եկամտահարկ։ Այդպիսով, աշխատավարձից պահվում է ընդամենը 9 450 դրամ և փաստացի եկամուտը կազմում է 90 550 դրամ։ Նոր օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո, այդ բոլոր բաղադրիչները միավորվում են միասնական եկամտահարկում և պահվում աշխատավարձից, որը, համապատասխանաբար, բարձրանում է 19 հազարով և լրացուցիչ 775 դրամով։--0-