Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ֆինանսների նախարարը հերքել է ՎՊ հայտարությունը` գնումների ոլորտում 700 մլրդ դրամն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ

03.07.2013, 18:57
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ շուրջ 701 մլրդ դրամ կամ բյուջեի միջոցների 70 տոկոսը ռիսկային են և ծախսվում են անարդյունավետ, չի կարող հավատի լինել մի շարք պատճառներով, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարը հերքել է ՎՊ հայտարությունը` գնումների ոլորտում 700 մլրդ դրամն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ շուրջ 701 մլրդ դրամ կամ բյուջեի միջոցների 70 տոկոսը ռիսկային են և ծախսվում են անարդյունավետ, չի կարող հավատի լինել մի շարք պատճառներով, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։

«Մենք 700 միլիարդի պետական գնումներ չունենք: Տարվա սկզբին կազմվող գնումների պլանը 262 միլիարդ դրամ է, իսկ եթե դրան գումարենք այլ ծախսերը՝ կկազմի 445 միլիարդ դրամ» ,– ասաց նա՝ նշելով, որ դրանից 131 միլիարդով վճարվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների և պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ  եթե անգամ պետական գնումները կազմեին 700 միլիարդ դրամ, համատարած խնդիրների մասին խոսելը սխալ կլիներ:

«Ես պատրաստ չեմ այսօր ասել` որքան է պետական գնումների ոլորտի խախտումների ծավալը, սակայն վստահ եմ, որ խոսք չի կարող լինել անգամ 20 կամ 10 տոկոսի մասին։ Ամեն տարի արձանագրվող խնդիրներն ու ռիսկերը չեն գերազանցում մի քանի հարյուր միլիոն դրամը»,– ասաց նա։

Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։-0-