Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ՀԲ–ն Հայաստանի պետպարտքի կառավարման համատեքստում ռիսկեր չի տեսնում

19.09.2012, 19:40
Այսօր Հայաստանում պետպարտքի կառավարման տեսանկյունից ռիսկեր չկան, երկուշաբթի լրագրողներին ասաց  ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վարչության աղքատության կրճատման և տնտեսության կառավարման հարցերի բաժնի ավագ տնտեսագետ Սուլեյման Կուլիբալին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանում պետպարտքի կառավարման տեսանկյունից ռիսկեր չկան, երկուշաբթի լրագրողներին ասաց  ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վարչության աղքատության կրճատման և տնտեսության կառավարման հարցերի բաժնի ավագ տնտեսագետ Սուլեյման Կուլիբալին։

«Այսօր, մեր գնահատականներով, պետպարտքի կառավարման տեսանկյունից ռիսկեր չկան։ Կարևոր փոփոխությունը տնտեսության աճն է` եթե տեմպերը պահպանվեն, ապա խնդիրներ չեն լինի»,– ասաց նա` ներկայացնելով ՀԲ–ի
 «Բյուջետային կոնսոլիդացիան և Հայաստանի տնտեսական վերելքը» զեկույցը։

Կուլիբալիի խոսքով՝ պետպարտքի կայունությանը գնահատական տալու համար ՀԲ–ն դիտարկել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան և դրանց հետագա զարգացման կանխատեսումները։

«Եթե մակրոտնտեսական ցուցանիշները զարգանան նախատեսված սցենարով, ապա ՀՆԱ–ի նկատմամբ պետպարտքի հարաբերակցությունը սկսում է աստիճանաբար կրճատվել, ինչը խոսում է դրա կայունության մասին»,– նշեց նա։

Կուլիբալին միաժամանակ ընդգծեց, որ անհնար է կանխատեսել արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, և դժվար է ասել, թե ինչպես կարող է նրա վրա անդրադառնալ համաշխարհային ճգնաժամը։

ՀԲ–ի «Բյուջետային կոնսոլիդացիան և Հայաստանի տնտեսական վերելքը» զեկույցում նշվում է, որ փոխառություններում կառավարության կարիքների կրճատման, պետական պարտքի նվազեցման և ապագա արտաքին ցնցումների համար բյուջետային պահուստի ստեղծման համար անհրաժեշտ են բյուջետային շտկումների հավելյալ քայլեր։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2012 թվականի հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 4 մլրդ 252 մլն դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանրապետության արտաքին պարտքի չափը կազմում է ՀՆԱ–ի շուրջ 46 տոկոսը կամ 3 մլրդ 708 մլն դոլար։ Դրանցից կառավարության պարտավորությունները կազմել են 3 մլրդ 100 մլն դոլար, Կենտրոնական բանկինը` 608 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեում 2012 թվականի տնտեսության աճի ցուցանիշը սահմանվել է 4.2 տոկոս, իսկ գնաճինը` 4±1,5 տոկոս մակարդակում։ -0-