Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել շահագործման ժամկետը

02.11.2012, 17:15
Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել դրա շահագործման ժամկետը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել շահագործման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ-ի պաշարները թույլ կտան տասը տարով երկարաձգել դրա շահագործման ժամկետը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

ՀՀ կառավարությունն ընթացիկ տարվա ապրիլին երկարաձգեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ նշվում է, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրված է 2011թ.-ին՝ տասը տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, դրա ժամկետն ավարտվում է 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին:

«Հաշվի առնելով նման ռեակտորով ԱԷԿ-ի շահագործման հարցում մյուս երկրների փորձը` մենք կարող ենք ասել, որ շահագործման երկարաձգման առնվազն տասը տարվա պաշար կա: Իսկ կոնկրետ ժամկետները պարզ կդառնան համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո»,- ասաց Մարտիրոսյանը:

Կայանի երկու էներգաբլոկները զինվել են առաջին սերնդի ВВЭР-440 ռուսական ռեակտորով: Առաջին բլոկը ներկա պահին չի գործում: 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկն արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի միջինը 40-50 տոկոսը:

Պետական ատոմային հսկողության ղեկավարն օրինակ բերեց Ֆինլանդիան, որտեղ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է 15 տարով այն դեպքում, երբ պետությունը օգտագործում է ԱԷԿ-ի հզորությունների 110 տոկոսը:

Ըստ նրա, Հայաստանն օգտագործում է ատոմակայանի հզորության միայն 92 տոկոսը, որն ապահովում է դրա աշխատանքի լրացուցիչ անվտանգությունը: Միաժամանակ նա ավելացրեց, որ եթե կայանի աշխատանքի հուսալիության  տեսանկյունից վտանգ լիներ, ապա դրա շահագործման ժամկետի երկարաձգումը նույնիսկ չէր քննարկվի:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ Ֆուկուսիմայի վթարը հանգեցրեց նրան, որ ողջ աշխարհում ատոմակայանների նկատմամբ անվտանգության պահանջները բարձրացվեցին, ինչպես գործող, այնպես էլ կառուցվող ԱԷԿ-ների սթրես–թեստեր անցկացվեցին:

Այդ կապակցությամբ Կոմիտեի ղեկավարը պարզաբանեց, որ Հայաստանում սթրես– թեստերն արդեն անցկացվել են, և 2013թ.-ի մայիսին դրանց արդյունքները կփոխանցվեն ԵՄ՝ որպես ազգային հաշվետվություն, որից հետո օգոստոսին ԵՄ-ն կտա իր եզրակացությունը:


«Ես վստահ եմ, որ սթրես–թեստի արդյունքները դրական կլինեն, քանի որ մեր ԱԷԿ-ը՝ սկսած աշխատանքի առաջին օրվանից, մշտապես ստուգվում է անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն և ՄԱԳԱՏԷ-ն աջակցում են Հայաստանին ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման հարցում:

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: -0-