Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025 թ.-ին զգալիորեն գերազանցել է սպասումները. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը զգալիորեն գերազանցել է նախնական սպասումները։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – February 2026» հաշվետվությունում։
Ըստ Հայաստանի վիճակագրության կոմիտեի նախնական տվյալների՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցել է 9,1% աճ։ Ընդ որում, դեկտեմբերին տվյալ ցուցանիշը կազմել է 14,4% (տ/տ)՝ նոյեմբերի 11,5%-ի համեմատ։
«Աճը (դեկտեմբերին – խմբ.) նախկինի պես պայմանավորված է եղել արդյունաբերությամբ և շինարարությամբ։ Արդյունաբերությունն ընդլայնվել է 38,6%-ով՝ շնորհիվ մշակող արդյունաբերության (հիմնականում գունավոր մետաղների արտադրության մեջ) աճի շարունակական արագացման՝ 43,3%-ով, և հանքարդյունաբերության՝ 34,9%-ով։
Շինարարությունը շարունակել է ցուցադրել բարձր աճ, որը հասել է 20,5%-ի», - ասված է ՀԲ ուսումնասիրության մեջ։
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի և էներգապաշարների արտադրությունը նույնպես դեկտեմբերին աճել է 13%-ով՝ երկու ամսվա լճացումից հետո։ Ծառայությունների ոլորտի աճը (առանց առևտրի հաշվառման) թուլացել է՝ նախորդ ամսվա 11,2%-ից հասնելով 8,2%-ի, իսկ մեծածախ և մանրածախ առևտրի աճը կրկնապատկվել է՝ նոյեմբերի 1,5%-ից հասնելով 3,2%-ի։
ՀԲ վերլուծաբանները մատնանշում են նաև, որ 2025 թվականին գրանցված ձեռնարկությունների թիվն աճել է 6,3%-ով՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերի թվի աճի հաշվին։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,1%, իսկ 2026 թվականի համար՝ 5,4% մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 5,9-5,9%, 2026 թվականին՝ 6,3-4,1%, 2027 թվականին՝ 4,9-5,3%:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները հետևյալն են. ԵԱԶԲ՝ 6% 2025 թվականին և 5,3%՝ 2026-ին. Համաշխարհային բանկ՝ 5,2% 2025 թվականին և 4,9%՝ 2026-ին. ԱՄՀ՝ 5% 2025 թվականին և 5,5%՝ 2026-ին. ՎԶԵԲ՝ 5% 2025 թվականին և 4,5%՝ 2026-ին։