Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 10 ամսում գերազանցել է սպասումները․ ՀԲ

Այսօր, 13:07
Հայաստանում տնտեսական ակտիվության համախառն աճը 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, արագացել է մինչև 8,1%
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 10 ամսում գերազանցել է սպասումները․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տնտեսական ակտիվության համախառն աճը 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, արագացել է մինչև 8,1%՝ շարունակելով գերազանցել նախնական սպասումները։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2025» զեկույցում։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հոկտեմբերին տնտեսական ակտիվության երկնիշ աճը պահպանվեց՝ կազմելով 10.1 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ սեպտեմբերի 11.1 տոկոսի համեմատ։

«Սա հոկտեմբերին արդյունաբերության 17.9 (տ/տ) տոկոսի հասնող աճի շնորհիվ էր, քանի որ հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության աճի տեմպը արագացավ՝ կազմելով համապատասխանաբար 15.9 տոկոս (տ/տ) և 20.8 տոկոս (տ/տ) (բարձրանալով սեպտեմբերի համապատասխանաբար 1.8 տոկոսից և 12.1 տոկոսից)։ Մշակող արդյունաբերության արագ աճը հիմնականում պայմանավորված էր հիմնային մետաղների արտադրության ծավալների 2.3-ապատիկ աճով», – նշվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ շինարարության բարձր աճը պահպանվեց՝ կազմելով 20.1 տոկոս (տ/տ)։ Ծառայությունների (առանց առևտրի) ծավալն ընդլայնվեց 12.8 տոկոսով (տ/տ)՝ բարձրանալով սեպտեմբերի 9.9 տոկոսից (տ/տ)։ Մեծածախ և մանրածախ առևտրի ակտիվությունը, 2024 թ. բարձր աճից հետո, կայունացավ 1 տոկոսի (տ/տ) մակարդակում։

ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ գրանցված բիզնեսները, մասնավորապես՝ անհատ ձեռներեցների թիվը, հոկտեմբերին, երկու ամիս անընդմեջ, բարձր էր՝ 25 տոկոսով գերազացնելով 2025 թ. հունվար-օգոստոս ամիսների միջինը։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5,1% չափով, իսկ 2026 թվականի համար՝ 5,4%։ Ըստ Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 5,9-5,9% միջակայքում, 2026 թվականին՝ 6,3-4,1%, իսկ 2027 թվականին՝ 4,9-5,3%։

   Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ հետևյալն են․ ԵԱԶԲ՝ 6%՝ 2025 թվականին և 5,3%՝ 2026 թվականին, Համաշխարհային բանկ (ՀԲ)՝ 5,2%՝ 2025 թվականին և 4,9%՝ 2026 թվականին, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 5%՝ 2025 թվականին և 5,5%՝ 2026 թվականին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 5%՝ 2025 թվականին և 4,5%՝ 2026 թվականին, Ասիական զարգացման բանկ՝ 6%։