Հայաստանում փետրվարին 12–ամսյա գնաճը կազմել է 4,3%, ամսվա ընթացքում գներն աճել են 0,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թվականի փետրվարին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 4,3% գնաճ, իսկ 2026թ. հունվարի համեմատ գները աճել են 0,5%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։
2026 թվականի փետրվարին, 2025 թվականի փետրվարի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6,5%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1,0%-ով։
Ալկոհոլային և ծխախոտային արտադրանքը փետրվարին տարեկան կտրվածքով թանկացել է 10,3%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ 1,7%-ով։ Հագուստի և կոշիկի գները փետրվարին աճել են 0,6%-ով (ամսական կտրվածքով արձանագրվել է 0,5% անկում), իսկ «բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ» խմբում աճը կազմել է 0,5% (մեկ ամսում՝ 0,2% անկում)։
Տնային գործածության ապրանքների, կենցաղային տեխնիկայի և տնային տնտեսությունների ամենօրյա խնամքի գծով գները փետրվարին տարեկան կտրվածքով նվազել են 0,1%-ով, իսկ ամսական կտրվածքով աճել՝ 0,1%-ով։ Առողջապահության ոլորտում գների աճը տարվա կտրվածքով կազմել է 4,5% (ամսական՝ 2,0% աճ), տրանսպորտի ոլորտում գրանցվել է 3,6% աճ (ամսական՝ 2,0% անկում), կապի ոլորտում տարեկան աճը կազմել է 0,3% (ամսական՝ 0,2% անկում)։
Հանգստի և մշակույթի գծով փետրվարին տարեկան կտրվածքով արձանագրվել է գների 0,4% նվազում (ամսական՝ 1,0% աճ), կրթության ոլորտում աճը կազմել է 8,3% (ամսական՝ 0%), ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում՝ 4,0% (ամսական՝ 0,8% աճ), տարբեր ապրանքների և ծառայությունների գծով՝ 2,6% (ամսական՝ 0,3% աճ)։
Ընդ որում, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի փետրվարին, 2023 թվականի փետրվարի համեմատ, գներն աճել են 0,9%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ նվազել՝ 0,2%-ով։
Բացի այդ, բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների աճը 2026թ. փետրվարին տարեկան կտրվածքով կազմել է 3,2%, իսկ ամսվա ընթացքում գրանցվել է 0,3% անկում։
Հայաստանի տնտեսական աճը 2026 թվականի պետբյուջեով նախատեսված է 5,4% չափով։ Ըստ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,7-7% (ըստ A-B սցենարների), իսկ 2027 թվականին՝ 5-6,2%: