Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում նոր եկամտահարկի ներմուծումը կարող է կրճատել իրական աշխատավարձի չափը. թերթ

05.09.2012, 14:53
Հայաստանում նոր եկամտահարկի ներմուծումը կարող է կրճատել իրական աշխատավարձի չափը, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոր եկամտահարկի ներմուծումը կարող է կրճատել իրական աշխատավարձի չափը, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը:

Ինչպես նշում է թերթը, հաջորդ տարվա հունվարի 1-ից եկամտային հարկի ներմուծումն իրարանցում է առաջացրել գործարարների շրջանում: Որոշ տնտեսավարողներ արդեն միջոցներ են ձեռնարկում խուսափելու այդ հարկատեսակի հետ կապված հավելյալ վճարներից: Մասնավորապես, պատրաստվում են մինչև օրենքի գործողության մեջ մտնելը նվազեցնել աշխատավարձերը, որպեսզի պարտադրված բարձրացման դեպքում լրացուցիչ ֆինանսական կորուստներ չունենան: Թերթը գրում է, որ կան ընկերություններ, որոնք արդեն իսկ գրավոր զգուշացրել են աշխատողներին՝ առաջիկա երկու ամսվա ընթացքում աշխատավարձերի հնարավոր փոփոխություն իրականացնելու վերաբերյալ:

«Որքան էլ առաջին հայացքից թվում էր, թե եկամտային հարկի ներմուծումը երկու կամ երեք այլ հարկատեսակների ուղղակի միավորում է, որն ուղղված է հարկային հաշվետվությունների քանակի կրճատմանն ու պարզեցմանը, տնտեսվարողներին անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելուն, իրականում այդպես չէ: Այդ հարկատեսակը լրացուցիչ հարկային պարտավորություններ է առաջադրում գործատուներին»,- գրում է պարբերականը:

Թերթը նշում է, որ ըստ էության, օրենքի ընդունումից ամիսներ հետո միայն պարզվեց, որ դրանով խնդիրներ են առաջանում նաև աշխատողներին վճարվող կոնկրետ աշխատավարձի հետ կապված: Եթե գործատուները աշխատավարձը թողնում են նույնը, ապա աշխատողները փաստացի ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան մինչ այդ: Կացությունից դուրս գալու նպատակով ընտրվել է պարտադրանքի տարբերակը: Ըստ այդմ, եկամտային հարկի մասին օրենքը գործողության մեջ մտնելուց հետո վճարվող աշխատավարձը չպետք է ավելի քիչ լինի, քան դեկտեմբերին էր: Թեև այս մասին օրենքում ոչինչ գրված չէ: Այսինքն՝ այդ պահանջը իրավական հարթության մեջ որևէ ձևով կարգավորված չէ, նշում է թեթրը:

Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին պարզաբանել էր, որ 2013թ.-ի հունվարի 1-ից՝ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի գործողության մեջ մտնելու պահից, բոլոր գործատուները կպարտավորվեն բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ փաստացօորեն աշխատակիցների եկամուտներն անփոփոխ մնան:

Ըստ նրա՝ օրենքում և կառավարության առանձին որոշմամբ այնպիսի մեխանիզմներ են ամրագրված, որոնք թույլ կտան ապահովել աշխատավարձերի բարձրացումը և կբացառեն քաղաքացիների փաստացի եկամուտների նվազումը:

«Վերջին շրջանում շատ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ աշխատողների եկամուտները կրճատվելու են նոր օրենքի գործողության մեջ մտնելուց հետո: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դա այդպես չէ»,- ասել է նա: -0-