Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում 2 ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7,5% –ով՝ մինչև 1,9 մլրդ կՎտժ

Երեկ, 13:07
Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 48,6%, բաժին է ընկնում ՋԷԿ-երին
Հայաստանում 2 ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7,5% –ով՝ մինչև 1,9 մլրդ կՎտժ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվարին արտադրվել է 1 921,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 7,5%-ով ավելի է 2025 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 48,6%, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմել է 933,6 մլն կՎտժ՝ աճելով 43,9%-ով։ Հայկական ԱԷԿ-ի բաժինը կազմում է 32,2% (արտադրության ծավալը՝ 617,7 մլն կՎտժ, անկումը՝ 3,5%), իսկ արևային էլեկտրակայաններին՝ 9,7% (ծավալը՝ 187,1 մլն կՎտժ, աճը՝ 10,4%)։

Հաջորդում են ՀԷԿ-երը՝ 9,5% մասնաբաժնով և 182,3 մլն կՎտժ արտադրության ծավալով (անկումը՝ 44,4%)։ Հողմային էլեկտրակայաններն արտադրել են 0,3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա՝ ցուցանիշն ավելացնելով 3,1 անգամ. դրանց մասնաբաժինը կազմել է 0,02%։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները՝ էլեկտրաէներգիայի հոսքերի մասով։