Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության բարեփոխումների ծավալուն ծրագիր

09.08.2017, 20:42
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության բարեփոխումների ծավալուն ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասաց վարչապետը։

Ծրագրով նախատեսվում է նախադրյալներ ստեղծել ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում և շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով,

Նաև ծրագրվում է անցում կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով։

Միաժամանակ ֆերմերներին ավելի դյուրին կլինի վարձակալել գյուղատնտեսական տեխնիկա։ «Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից»,– ասաց Կարապետյանը։

Ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև այս ոլորտում գործունեություն ծավալողների՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին։


Բարեփոխումների մի մաս էլ կդառնա սուբսիդավորումների թվի ավելացումը։

«Սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն», – ավելացրեց Կարապետյանը։

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձավ նոր հակակարկտային կայանների օգտագործմանը, արժեքավոր ագրոմշակաբույսերի աճեցմանը և խորհրդատվական արդյունավետ համակարգի ստեղծմանը։

«Իրականացնելով այս գործողությունները` մենք ոչ միայն լուծում ենք սոցիալական խնդիրներ, այլ նաև ստեղծում ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն»,– հավելեց Կարապետյանը։ -0-