Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի փոքր ՀԷԿ-երի համար տեխնիկական նոր պահանջներ կսահմանվեն

18.01.2017, 14:12
Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վրա։
Հայաստանի փոքր ՀԷԿ-երի համար տեխնիկական նոր պահանջներ կսահմանվեն

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վրա։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար, հաղորդում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան արքավորումներ։ Դրանք հիմնականում ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից։ Այդ սարքավորումների կիրառման համար Հայաստանում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ։

Փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայում գտնվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ: ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:

Ակնկալվում է, որ տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում հասնել փոքր ՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։

Դրանով զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման բուռն շրջանը սկսվել է 1999-2000 թթ.-ին: Դրան նպաստել է թողարկվող էներգիայի արտոնյալ սակագինը` 1 կՎտ ժամի դիմաց 17,2 դրամի չափով (առանց ԱԱՀ):

Գերատեսչության տվյալներով, 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ին երկրում էլեկտրաէներգիա արտադրում էին 173 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային հաստատված հզորությունը կազմում էր շուրջ 300 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան ծրագրային արտադրությունը` 857,2 մլն կՎտ ժամում:

ՀԾԿՀ-ի տվյալներով, 2015 թ.-ին փոքր ՀԷԿ-երին բաժին է ընկել երկրի էլենտրաէներգիայի 13 տոկոսը: -0-