Հայաստանի էներգետիկայի նախարարը համատեղ ծրագրեր է քննարկել KfW բանկի պատվիրակության հետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեքշաբթի գործակցության հեռանկարներ է քննարկել KfW զարգացման գերմանական բանկի պատվիրակության հետ։
Ինչպես հայտնում է Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Թոմաս Այզենբախը նախարարին ներկայացրեց գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերից մեկի՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց ծրագրի իրականացման որակին և ժամկետներին։
Մանուկյանը նշեց, որ հայկական կողմի համար շատ կարևոր է որակի հարցը, այդ իսկ պատճառով կապալառուի ընտրության հարցում որպես երաշխիք կարող է լինել նախկին փորձը, ինչպես նաև գնի և որակի համադրումը։
Նաև կարևորեց ծրագրի իրականացման ժամկետները։ Քանի որ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հանդիսանալու է Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մասը, ապա անհրաժեշտ է, որ այն շահագործման հանձնվի Իրան-Հայաստան գծի հետ միաժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը մեկնարկում է 2017 թվականին։ Սկզբնական փուլում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կկազմի 350 ՄՎտ, իսկ հետագայում այն կմեծանա մինչև 750 ՄՎտ։ Արդեն իսկ մեկնարկել են Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Այդ գիծը կմեծացնի պետությունների միջև փոխադարձ էներգահոսքը մի քանի անգամ` հասնելով 1200 ՄՎտ–ի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը և հետագա գործակցության հնարավորությունները։ Այզենբախը, մասնավորապես, հայտնել է հողմէներգետիկայի ոլորտի ծրագրերին բանկի մասնակցության պատրաստակամության մասին։ Մանուկյանն իր հերթին հայտնել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ցանկացած նախաձեռնություն։ -0-