Հայաստանի տնտեսական աճը կլինի կանխատեսված 5.1%-ից բարձր․ ֆինանսների նախարար
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական աճը կլինի կանխատեսված 5.1%-ից բարձր, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2025 թվականի համար կանխատեսվել էր 5.1% տնտեսական աճ։ Միջազգային կազմակերպություններն արդեն ճշգրտել են իրենց կանխատեսումները և վերանայել տնտեսական աճը՝ 5%-ից մինչև 5.5%, նախկին 4.5%-ի փոխարեն։ Թե որքանով այն ավելի բարձր, կտեսնենք», - երեքշաբթի ասել է Հովհաննիսյանը սեպտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ կառավարությունն ավելի վաղ 2026 թվականի տնտեսական աճը նախատեսել էր 5.1%, սակայն վերջին զարգացումները վստահություն են ներշնչում, որ աճն ավելի բարձր կլինի, և բյուջեի նախագծի համաձայն՝ այն կանխատեսվում է 5.4%:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Հայաստանի տնտեսական աճի ներուժը տատանվում է 4.5%-ից մինչև 5% սահմանում, Հովհաննիսյանը նշել է, որ այդ ցուցանիշն այժմ աճել է մինչև 5-5.5%։
Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեն կանխատեսում է 5.1% տնտեսական աճ։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարներից (A-B), կանխատեսվում է 5.1-4.6% մինչև 2025 թվականի վերջ, 4.9-4.4%՝ 2026 թվականին, և 4.7-5%՝ 2027 թվականին՝
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 5.5%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 5%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի 4.9%: