Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2025թ․–ին աճել են 306 մլրդ դրամով, ծախսերը՝ 350 մլրդ դրամով
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել են 306 միլիարդ դրամով, իսկ ծախսերն ավելացել են 350 միլիարդ դրամով։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք շարունակում ենք կապիտալ ծախսերի ավելացման քաղաքականությունը։ Այս ծախսերի գծով աճը կազմել է 151 միլիարդ դրամ։ Պաշտպանության նախարարության գծով կապիտալ ծախսերն աճել են 86 միլիարդ դրամով և կազմել 419 միլիարդ դրամ կամ ավելի քան 1 միլիարդ դոլար», - ասաց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանում ապահովվել են 2,72 տրիլիոն դրամի հարկային եկամուտներ և մաքսատուրքեր, ինչը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը ավելի քան 334,3 միլիարդ դրամով կամ 14%-ով։
Հարկերի և տուրքերի փաստացի մուտքերը 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրիլիոն 720,3 միլիարդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել են 100,2%, իսկ տարվա ընթացքում վերանայված 2,73 տրիլիոն դրամ ցուցանիշի նկատմամբ՝ 99,8%։
Միևնույն ժամանակ, հարկերի և տուրքերի փաստացի մուտքերը գերազանցել են նաև 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները, որոնք արտացոլված էին 2026–2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում (1 դոլարը՝ 379,21 դրամ)։