Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը 2012թ.–ին 245 մլն դրամի չափով տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին

13.03.2013, 14:58
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը 2012թ.–ին 245 մլն դրամի չափով տուգանք է կիրառել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, տեղեկացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը 2012թ.–ին 245 մլն դրամի չափով տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հակամենաշնորհային մարմինը 2012թ.–ին 245 մլն դրամի չափով տուգանք է կիրառել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, տեղեկացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«2010թ.–ից զգալիորեն ակտիվացավ հակամենաշնորհաին օրենսդրության խախտումների դեմ պայքարի աշխատանքը։ Մասնավորապես, եթե 2008–2009թթ.–ին ՏՄՊՊՀ–ն 31 որոշում ընդունեց տնտեսական սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ապա 2010թ.–ին այդ ցուցանիշը կազմեց 107, իսկ 2011թ.–ին` 197, իսկ 2012թ.–ին` 215»,– չորեքշաբթի Հայաստանի մրցակցային միջավայրի բարելավման ԵՄ Twinning ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց նա։

Ըստ Շաբոյանի` տվյալ ցուցանիշները շատ անգամ ապահովվել են Twinning ծրագրի իրականացման շնորհիվ։

«Ծրագիրն էապես նպաստեց ՏՄՊՊՀ ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացմանը։ ՏՄՊՊՀ աշխատողները վերապատրաստում անցան Գերմանիայում, ինչի արդյունքում էապես բարելավվեցին նրանց պրոֆեսիոնալ հմտությունները»,– ասաց նա։

Շաբոյանն ընդգծեց նաև, որ ՏՄՊՊՀ–ի գործունեությունը դրական գնահատականի արժանացավ միջազգային կառույցների կողմից։

«Մրցունակության համաշխարհային զեկույցի գնահատականներով` գերիշխող դիրքի առկայության մասով շուկայում Հայաստանի ցուցանիշները բարելավվեցին 43 կետով, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ուղղությամբ 22 կետով առաջընթաց է գրանցվել, իսկ տեղական մրցակցության բարելավման ուղղությամբ` 9 կետով։ Միաժամանակ տարածաշրջանի երկրներում այդ ցուցանիշներով հիմնականում հետընթաց է գրանցվել»,– տեղեկացրեց նա։

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային օրենսդրության նախատեսված փոփոխություններին, ապա, ըստ Հանձնաժողովի ղեկավարի, փոփոխությունները հիմնականում կանդրադառնան ՏՄՊՊՀ վերահսկիչ գործառույթների ավելացմանը` պետական գնումների ոլորտի շեշտադրումով, քանի որ ինչպես ցույց տվեցին նախորդ տարվա հետազոտությունները, պետական գնումների ոլորտը զգալիորեն ազդում է Հայաստանի մրցակցային միջավայրի վրա, իսկ խախտումները կարող են լրջորեն սահմանափակել մրցակցությունը։

Նա ավելացրեց նաև, որ իրականացվող բարեփոխումների շրջանակներում անբարեխիղճ մրցակցության տուգանքների խստացում է ենթադրվում ($1 – 411,21 դրամ է)։  —0--