Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համաձայնությունները զարգացում են պահանջում. ՌԴ դեսպան

03.06.2013, 20:14
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն մի շարք համաձայնագրեր, ինչպես միջպետական, այնպես էլ միջկառավարական, և դրանք իրենց զարգացումն են պահանջում, երկուշաբթի հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համաձայնությունները զարգացում են պահանջում. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն մի շարք համաձայնագրեր, ինչպես միջպետական, այնպես էլ միջկառավարական, և դրանք իրենց զարգացումն են պահանջում, երկուշաբթի հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։

«Չի կարելի կանգ առնել ձեռքբերվածի վրա` ինչ-որ ոլորտներ չեն ներգրավվել, որոշներն ընդգրկվել են 10-15 տարի առաջ, բայց ժամանակը գնում է, ամեն ինչ փոխվում։ Այդ պատճառով էլ ինչ–որ բանակցություններ թարմացում, ստուգում, նոր տարրերի մուտքագրում են պահանջում, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել և զարգանալ»,– ասաց Վոլինկինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում` նվիրված հայ–ռուսական «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» երկրորդ գիտազբոսաշրջային արշավի մեկնարկին։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունում զբոսաշրջությունը կառավարության նշած գերակա ուղղություններից մեկն է։

 «Իհարկե, Ռուսաստանի հետ զբոսաշրջության վերաբերյալ միջազգային պայմանագրի առկայությունը կաշխուժացներ զբոսաշրջային կազմակերպությունների միջև երկկողմ կապերը` կաճեր դեպի Հայաստան այցելությունների թիվը»,– ասաց Նաղդալյանը` ավելացնելով, որ այդ ուղղությամբ լրացուցիչ քայլեր են պետք։

Նա հույս հայտնեց, որ պաշտոնատար անձինք շուտով կսկսեն աշխատել այդ ուղղությամբ։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 128 237 մարդ, ինչը 22.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Հայաստան է այցելել 843 330 զբոսաշրջիկ։ -0-