Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ՏԻՄ զարգացման հարցում. ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ղեկավար

18.06.2013, 18:23
Հայաստանը վերջին տարիների ընթացքում զգալի հաջողությունների է հասել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործում, Եվրախորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստից հետո Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կոնգրեսի նախագահ Գերվիգ վան Ստաան։
Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ՏԻՄ զարգացման հարցում. ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը վերջին տարիների ընթացքում զգալի հաջողությունների է հասել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործում, Եվրախորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստից հետո Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կոնգրեսի նախագահ Գերվիգ վան Ստաան։

«Այս հանգամանքը նշվել է այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ կարծիքներ փոխանակելու ընթացքում»,– ասաց նա` ավելացնելով, որ այդ հարցերը քննարկվել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Վան Ստաան նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին Կոնգրեսը կհրապարակի դիտարկման արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի տարածքային կառավարման ոլորտի հիմնական խնդիրներին։
    
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր հերթին նշեց Հայաստանի համար Եվրախորհրդում նախագահության կարևորությունը և ընդգծեց տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնական խնդիրները։

«Արդյունավետ տեղական ինքնակառավարումը հնարավոր է միայն բնակչության ակտիվ մասնակցության դեպքում... Մենք լայն օրենսդրական նախագիծ ներկայացրեցինք, որը, հուսով եմ, առաջիկա օրերին կհաստատվի ՀՀ խորհրդարանի կողմից»,– ասաց Տերտերյանը։

Ըստ նրա` ոլորտի խնդիրներից մեկը քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հանրության պասիվությունն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

«Այդ կապակցությամբ մենք հնարավորություն ընձեռեցինք հասարակական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին Ավագանու խորհրդի նիստերի ժամանակ հարցերը ներկայացնել»,– տեղեկացրեց փոխնախարարը։

Եվրախորհրդի նախագահությունը Հայաստանին է անցել 2013թ.–ի մայիսի 16–ին և կտևի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 13–ը։

Հայաստանը Եվրախորհրդի կազմում ընդգրկվել է 2001թ.–ի հունվարի 25–ին` իր վրա վերցնելով մի շարք պարտավորություններ։ –0–