Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը վավերացրել է ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը

Երեկ, 13:41
Վավերացվել են ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը
Հայաստանը վավերացրել է ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ-ն չորեքշաբթի կայացած նիստում վավերացրել է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ 2025 թվականի հունիսին ստորագրված ԵԱՏՄ-ԱՄԷ համաձայնագիրն ուղղված է ապրանքների առևտրի ազատականացմանն ու պարզեցմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և փոխադարձ առևտրի ընդլայնմանը։

Նա տեղեկացրել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքատեսակներից 217-ի համար կսահմանվի ներմուծման արտոնյալ ռեժիմ։ Ըստ նրա՝ գյուղմթերքների ցանկում ներառված են թարմ մրգեր (այդ թվում՝ ելակ և ազնվամորի), լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, քաղցրացված հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր և ծիրան։ Այս ապրանքների մասով ԱՄԷ շուկայի գնահատված ծավալը կազմում է շուրջ 550 մլն դոլար։

«Արդյունաբերական արտադրանքի մասով ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե թիթեղներն ու համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները։ Հայաստանից արտահանելիս այս արտադրանքի համար մաքսատուրք չի վճարվի»,- ասել է Հովակիմյանը։

Խոսելով ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի մասին՝ Հովակիմյանը նշել է, որ այն ուղղված է փոխադարձ առևտրի պարզեցմանը և խթանմանը։

«Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին և կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ մաքսային կարգավորումը, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումները»,- հավելել է նա: