Հայաստանը կվերացնի կրկնակի հարկումը Ճապոնիայի հետ. ԱԺ հանձնաժողովը հաստատում է համապատասխան կոնվենցիան
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեքշաբթի օրվա նիստում դրական եզրակացություն է տվել Ճապոնիայի հետ կնքված եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային։
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Նախաձեռնությամբ վերականգնվում է կրկնակի հարկումը բացառող իրավահարաբերությունների պրակտիկան: Փոխադարձաբար երկրների ռեզիդենտների համար սահմանվում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան երկրների օրենսդրությամբ է նախատեսված»,-նշվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորվում:
Համաձայնագրերում պասիվ եկամուտների հարկման իրավունքն առաջնահերթորեն վերապահվում է եկամուտների վճարման աղբյուր երկրին, այս դեպքում եւս համաձայնագիրը բացառություն չէ:
Որոշ դեպքերում նախատեսվել են նաև գործող ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, հատկապես այն պայմաններում, երբ հաղթահարվում է ներդրումների որոշակի շեմ:
«Ակնկալվում է ձևավորել կայուն հիմք երկու երկրների հարկային մարմինների միջև փոխադարձ համագործակցության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կոնվենցիան ստորագրվել է 2024 թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանում։ Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
2025 թվականի մայիսի 8-ին կոնվենցիային հավանություն է տրվել ՀՀ կառավարության կողմից։ Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի խոսքով՝ համաձայնագիրն արդեն վավերացվել է Ճապոնիայի Խորհրդարանի երկու պալատների կողմից։