Հայաստանը կարող է դառնալ կամուրջ մայրցամաքների միջև՝ մակրոկայունության և թվային վերափոխման շնորհիվ․ ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համար օրակարգային է մնում այն հարցը, թե ինչպես դառնալ իրական հաբ և կամուրջ մայրցամաքների միջև՝ շուկաների, գաղափարների ու հնարավորությունների համար, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Պատասխանը կախված է երկու գործոնից, որոնք հիմնված են Հայաստանի ռազմավարական ուժեղ կողմերի վրա՝ ամուր մակրոտնտեսական կայունության ապահովում և այնպիսի ֆինանսական ու թվային ճարտարապետության կառուցում, որը թույլ կտա բացահայտել այդ հնարավորությունները», — ասաց նա «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո անցկացվող Doing Digital 2026 ֆորումի ժամանակ:
Գալստյանը նշեց, որ աճող գլոբալ անորոշության ֆոնին Հայաստանի գլխավոր ռազմավարական ակտիվը և նրա բնորոշ գիծը պետք է դառնա ամուր մակրոտնտեսական կայունությունը:
«Ամուր մակրոտնտեսական միջավայրը մեր երկրում մարդկանց երկարաժամկետ բարեկեցության և կենսամակարդակի բարձրացման կարևորագույն հիմքն է: [...] Հայաստանի բանկային համակարգն ունի կապիտալիզացիայի բավարար մակարդակ և լիկվիդայնության անհրաժեշտ բուֆերներ, ընդ որում՝ չաշխատող վարկերի մասնաբաժինը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա: Այս ձեռքբերումներն արտացոլում են տնտեսական քաղաքականության համակարգում և ինստիտուցիոնալ կարողություններում կատարված հետևողական ներդրումները, որոնք թույլ կտան մեզ պահպանել մակրոտնտեսական կայունությունն՝ անկախ ապագա մարտահրավերներից», — ընդգծեց նա:
Խոսելով երկրորդ հրամայականի՝ ճիշտ ֆինանսական ու թվային ճարտարապետության և ենթակառուցվածքների ստեղծման մասին, ԿԲ նախագահը նշեց, որ դա թույլ կտա մասնավոր հատվածին ստանձնել առաջատար դեր նորարարություններում և կօգնի Հայաստանը դիրքավորել որպես իրական կամուրջ գաղափարների ու հնարավորությունների համար շուկաների և մայրցամաքների միջև:
«Մենք զգալի քայլեր ենք ձեռնարկել ավելի նորարարական, դինամիկ և ապագայի մարտահրավերներին դիմակայող տնտեսության ու ֆինանսական համակարգի ձևավորման ճանապարհին: Կենտրոնական բանկի սերտ գործընկերությունը կառավարության և մասնավոր հատվածի հետ կարևոր դեր է խաղում Հայաստանի թվային հասարակության և տնտեսության կառուցման գործում, որոնք հիմնված են փոխլրացնող տարրերի վրա՝ թվային նույնականացում, կիբերանվտանգություն, տվյալների համատեղելիություն և դրանց կառավարում», — ասաց նա:
Այս համատեքստում Գալստյանը հավելեց, որ նման ինստիտուցիոնալ ճարտարապետությունը մասնավոր հատվածին տալիս է հենց այն հիմքը, որն անհրաժեշտ է նորարարությունների և նոր թվային լուծումների ներդրման համար, որոնք ունակ են վերափոխել հասարակությունն ու տնտեսությունը:
«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է: