Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է երկու հայկական ընկերությունների անբարեխիղճ մրցակցության համար

14.09.2012, 17:13
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուրբաթ կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել խիստ տուգանք սահմանել երկու հայկական ընկերությունների նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուրբաթ կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել խիստ տուգանք սահմանել երկու հայկական ընկերությունների նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար:

«Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Հայր և որդի Մարտիրոսյաններ» տնտեսական սուբյեկտի նկատմամբ՝ ռադիոգովազդի բովանդակության պատճառով, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում»,- ասաց ՏՄՊՊՀ փորձագետ Հայկ Վարդանյանը:

Ըստ նրա՝ հայկական օրենսդրությունն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսավարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: 

Գլխավոր մասնագետը նշեց, որ հաջորդ վարույթը հարուցվել է «Mango» խանութների ցանցի նկատմամբ, որոնք հագուստի վաճառք են իրականացնում: Մասնավորապես դիտարկումների ընթացքում պարզվել է, որ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 տոկոս զեղչ ամբողջ տեսականու համար, որը չի համապատասխանել իրականությանը: Զեղչը չի տարածվել ողջ տեսականու վրա: 

«Նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին»,- տեղեկացրեց Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ Երևանի շուրջ 20 խոշոր խանութ է ստուգվել, որոնք զեղչեր են տրամադրում, և խախտումներ են արձանագրվել միայն տվյալ տնտեսական սուբյեկտի մոտ՝ ավելացնելով, որ վարույթ հարուցելուց հետո խախտումը վերացվել է:

Վարդանյանն ավելացրեց, որ օրենքով տուգանքը չի կարող ընկերության շրջանառության 1 տոկոսից բարձր լինել, և ՏՄՊՊՀ-ն արդեն հարցում է ուղղել ՀՀ պետեկամուտների կոմիտե:

Գլխավոր մասնագետը տեղեկացրեց նաև, որ ևս մի վարույթ է հարուցվել «Լինեթ լիմիթեդ» (ապրանքանիշը՝ Nannys) ընկերության հայտարարության հիման վրա, որը հաստատում է, որ ինքը  «Nannys» մանկական տակդիրներ արտադրող իրավատեր ընկերությունն ու բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

Միաժամանակ շուկայում հայտնվել են «Nannys» ապրանքային նշաններով և նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ» ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն, գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:  Միաժամանակ Վարդանյանն ավելացրեց, որ ընկերությունները համաձայնության են եկել, և ցանկանում են հաշտության մասին համաձայնագիր ներկայացնել հանձնաժողով:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին նշեց, որ այսուհետև  Հանձնաժողովը խստորեն հետևելու է գովազդի համապատասխանությանն օրենքին, ինչպես նաև կոչ է արել ՀՀ տնտեսական սուբյեկտներին և քաղաքացիներին դիմել Հանձնաժողովին այն դեպքերում, երբ նման խախտումներ են նկատում: -0-