Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

E5P-ին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությանը նվիրված համաժողով կանցկացվի Լյուքսեմբուրգում

22.10.2013, 17:12
Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և  բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությանը նվիրված համաժողով կանցկացվի հոկտեմբերի 21-ին Եվրոպական ներդրումային բանկի Լյուքսեմբուրգի գրասենյակում` ԵՄ արտաքին գործերի խորհրդի հերթական նիստից հետո, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակից։
E5P-ին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությանը նվիրված համաժողով կանցկացվի Լյուքսեմբուրգում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և  բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությանը նվիրված համաժողով կանցկացվի հոկտեմբերի 21-ին Եվրոպական ներդրումային բանկի Լյուքսեմբուրգի գրասենյակում` ԵՄ արտաքին գործերի խորհրդի հերթական նիստից հետո, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակից։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան կարող են ակնկալել էներգաարդյունավետությունը բարելավելու և վնասակար արտանետումները նվազեցնելու իրենց ջանքերի էական խթան` դառնալով Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամի (E5P) լիիրավ անդամ:

Միջոցառմանը, որին կմասնակցեն E5P անդամ-երկրների և դոնորների բարձրաստիճան ներկայացուցիչները, ակնկալվում է մինչև 75 մլն Եվրո գումար հավաքել:

Նշենք, որ E5P հիմնադրամը ստեղծելու առաջին առաջարկն արվել էր  2009թ., երբ Շվեդիան նախագահում էր ԵՄ-ում` բարելավելու էներգաարդյունավետության ու բնապահպանության որակը Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որտեղ էներգիայի սպառումը երեք անգամ գերազանցում է ԵՄ-ի միջին ցուցանիշը: Սա իրենից լուրջ բեռ է ներկայացնում տարածաշրջանի բիզնեսների և տնային տնտեսությունների համար, բայց նաև ներդրումների հսկայական ներուժ է պարունակում CO2 արտանետումները  կրճատելու, ինչպես նաև ավելի կայուն շրջակա միջավայր, ավելի ուժեղ տնտեսական մրցունակություն և բարելավված էներգետիկ անվտանգություն ու մատչելիություն ապահովելու համար:

2009 թվականի նոյեմբերին Ստոկհոլմում, անդամակցությանը նվիրված առաջին համաժողովից հետո և ԵՄ-ից և 11 դոնոր երկրներից 90 մլն Եվրո ստանալուց հետո հիմնադրվեց E5P-ն որպես բազմադոնոր հիմնադրամ` հավաքելու  դոնորների կողմից տրամադրված միջոցները դրամաշնորհների տեսքով, որոնք կարող են օգտագործվել` համալրելու ազգային միջոցները և այն վարկերը, որոնք տրամադրվել են այնպիսի միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Համաշխարհային բանկի խումբը, Բնապահպանության ֆինանսավորման սկանդինավյան կորպորացիան և Սկանդինավյան ներդրումային բանկը:  ՎԶԵԲ-ն արդեն նշանակվել է E5P հիմնադրամի կառավարիչ:

Սկզբում E5P հիմնադրամի ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր, որին մինչ օրս հատկացվել է E5P հիմնադրամի առկա դրամական միջոցների մեկ երրորդը: Հաջողված ծրագրերը ներառում են համայնքային ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ` արդիականացնելու կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը, բարելավելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և խնայելու էլեկտրաէներգիան հասարակական շենքերում: Մշակվել են լուրջ ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել միայն  E5P դոնորների կողմից տրամադրված նոր միջոցների օգնությամբ: Ծրագրի` դրամաշնորհ ստանալու պահանջներին համապատասխանությունը  որոշվում է էներգախնայողության ցուցանիշների,  աղտոտման նվազեցման կարողության, օրինակելիության և քաղաքական երկխոսությունն ու կարգավորող ոլորտի բարեփոխումներին նպաստելու պոտենցիալի հիման վրա:  

Ուկրաինայում հիմնադրամի հաջող մեկնարկից հետո, 2012թ. դեկտեմբերին կայացած  E5P հիմնադրամի ժողովին, որին, որպես հիմնական դոնոր, նախագահում էր ԵՄ-ն, առաջին քայլեր արվեցին նախաձեռնության գործունեության ընդլայնման ուղղությամբ: Դոնորների համայնքի հետ քննարկումներն արժանացան դրական արձագանքի: Արևելյան գործընկերության երկրները` Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան հաստատեցին, որ իրենք պատրաստ են հանդիսանալ E5P-ի ստացող և դոնոր երկրներ: Այլ դոնոր երկրները հայտնեցին հիմնադրամը համալրելու իրենց պատրաստակամությունը` երաշխավորելու գործընկերության հաջող ընդլայնումը: Ակնկալվում է նաև, որ գործընկերությանը կմիանան նոր դոնոր երկրներ: --0--