Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը

18.12.2014, 16:05
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը։
ՀՀ վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը։

Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին օրվա երկրորդ կեսին ներկայացնել այսօր դեղորայքի շուկայում տիրող իրավիճակը։

«Այսօր` օրվա երկրորդ կեսին ինձ ներկայացրեք տվյալները, քանի որ հանձնարարականներ են տրվել համապատասխան կառույցներին, և մենք կփորձենք հասկանալ շուկայում տիրող իրավիճակը», – ասաց Աբրահամյանը։

Դեղորայքի հայկական շուկայում ներդրվել է բոլոր դեղամիջոցների համար պարտադիր մակնշումը` անկախ դրանց ինքնարժեքից։ Բացի այդ, փոխարժեքի տատանման ֆոնին շուկայում գնային փոփոխություններ են արձանագրվել։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այս տարվա հունիսի 12–ից պարտադիր դարձած դեղամիջոցների մակնշումը չի հանգեցնի գների էական աճի։ Նախարարը նշել էր, որ մակնշումը ներդրվում է հայկական շուկայում շրջանառվող դեղորայքի որակի վերահսկողության նպատակով, քանի որ շուկայում առկա են նաև փոխնյութեր, ժամկետանց դեղորայք։ Նա նշել էր, որ ակցիզավորման ծախսերը մինիմալ են։ Մուրադյանն ընդգծել էր, որ եթե գների անհիմն բարձրացում լինի, ապա տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության քայլեր։ Նրա գնահատմամբ` հայկական շուկա է մտնում մոտ 43 մլն դեղորայք, իսկ ֆինանսական արտահայտմամբ այն գնահատվում է մոտ 110 մլն դոլար։ 

Դեղորայքի ակցիզների ներդրմանը դեմ են հանդես եկել մատակարարները, որոնք կարծում են, որ դա կարող է հանգեցնել գների աճի։ Հայաստանի դեղ արտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքերով` նման քաղաքականությունն անօգուտ է և անիմաստ դեղորայքի դեպքում, քանի որ դրանք գտնվում են հատուկ վերահսկողության տակ և ներկրման ժամանակ ամբողջությամբ գրանցվում են։–0–