Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Աժ-ն ընդունեց պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքի արգելքի մասին նախագիծը

Երեկ, 12:02
Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքումնախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար տուգանք ՝ 100 - 150 հազար դրամի չափով
Աժ-ն ընդունեց պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքի արգելքի մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։

«Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքումնախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար տուգանք ՝ 100 - 150 հազար դրամի չափով», ասաց փոխնախարարը։

Նախագծով սահմանվում է, որ իրավախախտումների վերահսկողությունը կվերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համատեղ ձևաչափով։ Նախատեսված է նաև դիտարկման եղանակով վերահսկողություն։

Ըստ Մկրտչյանի՝ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է, որով COP-17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն։

Նշենք, որ հունվարի 15-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի պահպանման և վաճառքի արգելքի վերաբերյալ համապատասխան օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առաջին անգամ խախտում կատարելու դեպքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կհայտարարի նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ խախտումների դեպքում սահմանվում է տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով։