Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկ ստանալու և փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չկան
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. ԱՌԿԱ/. Հայկական ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկեր ստանալու, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չկան, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
«Մամուլում շրջանառվող լուրերը, թե «որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում», իրականությանը չեն համապատասխանում»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Նախարարությունը հավաստիացնում է, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան:
Ավելին, ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները
Հայ պատգամավորները մայիսի 5–ին հավանություն են տվել Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված երկու համաձայնագրերի ստորագրմանը։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Միաժամանակ, նախատեսվում է նաև ռուսական ռուբլով վարկի տրամադրման հնարավորություն։
ԱԷԿ–ի շահագործման ժամկետի` մինչև 2026 թվականը երկարացնելու մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին։
Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։
1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցումը ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։ -0-