Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արմավիրի մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը կարկտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար

13.06.2013, 17:19
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հինգշաբթի կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել նախագահին, վարչապետին և կառավարությանը` վերջին ամիսներին պարբերաբար տեղի ունեցած կարկտահարությունից տուժած բնակչությանն աջակցելու համար։
Արմավիրի մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը կարկտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հինգշաբթի կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել նախագահին, վարչապետին և կառավարությանը` վերջին ամիսներին պարբերաբար տեղի ունեցած կարկտահարությունից տուժած բնակչությանն աջակցելու համար։

«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ ծանր դրության մեջ կհայտնվեինք։ Դուք աջակցեցիք գյուղացիներին, և մենք կարողացանք այս կամ այն կերպ լուծել առկա խնդիրները»,– ասաց նա։

Նիստի ընթացքում մարզպետը նշեց, որ 2013թ.–ը բարենպաստ սկսվեց գյուղատնտեսության ոլորտի համար, և գրեթե բոլոր մշակվող կուլտուրաների մեծ բերք էր ակնկալվում, սակայն ապրիլի 23–ի լույս 24–ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետևանքով վնասվեց 29 համայնքների 1827 հեկտար հողատարածքների բերքի 20–90 տոկոսը։

Մայիսի 12–ին, 17–ին և այլ օրերին տեղի ունեցած կարկտահարությունը, ըստ նրա, վնասեց 46 համայնքների գյուղատնտեսական տարածքների ավելի քան 50 տոկոսը, իսկ վնասը գնահատվում է մոտ 25,3 մլրդ դրամ։

Ըստ Ղահրամանյանի` կարկտի բացասական հետևանքները նվազեցնելու համար կառավարությունը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, մասնավորապես, սերմեր հատկացրեց կրկնակի ցանքսի համար, առավել շատ տուժած խաղողի այգիները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկեց։

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց մարզպետը, կառավարությունը 207 մլն դրամ և 650,1 մլն դրամ հատկացրեց հողի հարկի և ոռոգման ջրի օգտագործման վճարումները փոխհատուցելու համար։

«Նաև արտարժույթով վարկերը դրամով վերաձևակերպման գործընթաց և պետության կողմից դրանց սուբսիդավորում է իրականացվում, վարկերի վճարումների ժամկետների երկարաձգման անհատական մոտեցում է ցուցաբերվում, ինչպես նաև նախատեսվում է ևս 50 հակակարկտային կայաններ տեղադրել»,– ավելացրեց նա։

Մայիսի 12–ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական տարածք։ Մայիս–հունիս ամիսներին կարկտահարության դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի մի շարք այլ մարզերում, այդ թվում` Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերում։ –0–