ԱՄԷ–ի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմամբ. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, հայտնեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
Ալ Քասեմին իր հերթին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: -0-