Ադրբեջանի արտադրության նավթամթերքով բեռնված շարժակազմը գալիս է Հայաստան. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով բեռնված շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ինքը ողջունում է այդ զարգացումը:
«Այդ զարգացումը, այսինքն` զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ խմբաքանակի և այլ հարցերի հետ կապված մանրամասներին այս պահին չի տիրապետում և կտիրապետի այն ժամանակ, երբ նավթամթերքը մուտք կգործի ՀՀ:
Փաշինյանը նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով տարանցումն ապահովելու սակագների հետ կապված որոշակի խնդիրներին և հույս հայտնել, որ այդ հարցերը կկարգավորվեն:
Նրա խոսքով, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, չկարգավորվելու դեպքում տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնել էին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության հիման վրա, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոնը կուղարկվի այսօր։
Նշվել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։