Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը Վրաստանին վարակված կարտոֆիլ չի մատակարարել. փորձագետ

08.11.2013, 16:39
Հայաստանը Վրաստանին վարակված կարտոֆիլ չի մատակարարել, նմուշները, որոնցում վնասաակար միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել, վերցվել են ոչ այն խմբաքանակից, որը ներկրվել է Հայաստանից, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը։
Հայաստանը Վրաստանին վարակված կարտոֆիլ չի մատակարարել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Վրաստանին վարակված կարտոֆիլ չի մատակարարել, նմուշները, որոնցում վնասաակար միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել, վերցվել են ոչ այն խմբաքանակից, որը ներկրվել է Հայաստանից, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ` հոկտեմբերի վերջին Սադախլոյի մաքսատանը Հայաստանից ներկրված կարտոֆիլի խմբաքանակի առաջնային ստուգման ժամանակ իբր հայտնաբերվել են Ralstonia solanacearum (ալ բորբոս) և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլի քաղցկեղ) վնասակար միկրոօրգանիզմներով վարակվածության նշաններ։  

ԶԼՄ–ները տեղեկացրել են, որ կարանտինային օբյեկտի բացահայտման և վնասատուների կողմից բեռի վարակումը հաստատելու նպատակով կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ 114,500 կգ կարտոֆիլը վարակված է ալ բորբոսով։ Վրաստանի կառավարության որոշմամբ` վարակված բեռը (ավելի քան 400 տոննա կարտոֆիլ) վերադարձվել է արտահանող երկիր։

«Բեռը Հայաստան վերադարձնելուց հետո մենք կրկնակի լաբորատոր անալիզ ենք կատարել և վարակման որևէ նշան չենք գտել։ Այդ պատճառով մենք կարող ենք պնդել, որ կարտոֆիլի նմուշները հայկական խմբաքանակից չեն վերցվել», – հայտարարել է Նիկոյանը։

Նրա խոսքերով` բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նոյեմբերի 5–6––ը նա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանի հետ միասին գտնվում էր Վրաստանում։

«Այնտեղ մենք զրուցեցինք հետազոտությունն անցկացրած լաբորատորիայի ղեկավարի հետ։ Նա մեզ ասաց, որ ստուգել է այն, ինչ նրանց տրամադրվել է, նմուշների ծագման մասին նա ոչինչ չգիտեր», – ասել է Նիկոյանը։

Ֆիտոսանիտարական տեսչության պետի կարծիքով` նման թյուրիմացության պատճառն այն է, որ վրացական մաքսատան տեսուչները Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցներ են, այլ ոչ թե Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում ալ բորբոս ընդհանրապես չկա։

Նիկոյանի խոսքերով` Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի` Վրաստան կատարած այցի արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ այսուհետ սահմանի վրա նմուշները վերցվելու են ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմի տեսուչների ներկայությամբ։–0–