Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Նավթն էժանանում է շուկայում հումքի ավելցուկի պահպանման մտավախությունների ֆոնին

23.11.2015, 10:54
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի բացասական դինամիկա են գրանցում համաշխարհային շուկայում հումքի առաջարկների ավելցուկի պահպանման մտավախությունների ֆոնին։
Նավթն էժանանում է շուկայում հումքի ավելցուկի պահպանման մտավախությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի բացասական դինամիկա են գրանցում համաշխարհային շուկայում հումքի առաջարկների ավելցուկի պահպանման մտավախությունների ֆոնին, հաղորդում է Փրայմը` հղում անելով առուվաճառքի տվյալներին։ 

Երևանի ժամանակով ժամը 08.52–ի տվյալներով` Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,46 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 44,22 դոլար։ WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,83 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 41,13 դոլարի։

Ներդրողները շարունակում են վատատեսությամբ արձագանքել այն տվյալներին, որ նոյեմբերի 13–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում նավթի առևտրային պաշարներն ավելացել են 0,3 մլն բարելով կամ 0,1 տոկոսով` հասնելով 487,3 մլն բարելի։

 «Շատ բարձր է ԱՄՆ–ում նավթի մեծ պաշարների ճնշումը։ Շուկաները կկարողանան վերականգնվել ԱՄՆ–ում պաշարների նվազում տեսնելու դեպքում», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է NH Investment and Securities–ի հումքային շուկաների գծով վերլուծաբան Քանգ Յու–ինի խոսքերը (Kang Yoo-jin)։

Միաժամանակ ներդրողները վատատեսությամբ են ընդունել Վենեսուելայի նավթի նախարարի հայտարարությունը, ով կիրակի հայտարարել է, որ եթե ՕՊԵԿ–ը չփոխի իր վարած քաղաքականությունը, ապա 2016 թ.–ին «սև ոսկու» գները կարող են բավականին նվազել (անգամ բարելի դիմաց 30 դոլարից ցածր)։

Շուկային չեն օգնում անգամ Baker Hughes ամերիկյան նավթագազային ընկերության տվյալները, որն ուրբաթ տեղեկացրել է, որ աշխատանքային շաբաթվա ավարտի արդյունքներով` ԱՄՆ–ում հորատման սարքերի ընդհանուր թիվը կրճատվել է 10–ով կամ 1,3 տոկոսով և կազմել 757 միավոր։–0–