Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ին

19.03.2014, 14:17
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ընթացքում հաստատել է որոշումը, ըստ որի` Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ին։
Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ին
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ընթացքում հաստատել է որոշումը, ըստ որի` Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ին։

«Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերն իրականացվել են 1998 թ.–ից։ Սկզբից այդ գործառույթը վերապահվել է «Հայէներգո» ընկերությանը, այնուհետև 2004 թ.–ից` Որոտանի կասկադ ՀԷԿ–ին, իսկ այսօրվանից այդ գործառույթները կփոխանցվեն Երևանի ՋԷԿ–ին, իսկ Որոտանն Իրանի հետ այլևս որևէ գործառույթ չի կատարի», – «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։

Նա պարզաբանել է, որ գործառույթների փոխանցումը պայմանավորված է նրանով, որ Որոտանի կասկադ ՀԷԿ–ը վաճառվել է Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը։

ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29–ին «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել:
 
Միաժամանակ Բաղրամյանն ավելացրել է, որ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացումը նախկինի պես կապահովի «Էլեկտրաէներգիայի համակարգի օպերատոր» ՓԲԸ–ն։

Վարչության պետը պարզաբանել է, որ Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը կոմերցիոն բնույթ չեն կրում, իսկ նրանց ամենամյա հաշվեկշիռը հավասար է զրոյի։

«Ձմռան ամիսներին, երբ Հայաստանում ավելանում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն ու լրացուցիչ ծավալների պահանջ է առաջանում, մենք դրանք ստանում ենք Իրանից, իսկ ամռան ամիսներին ավելցուկների դեպքում մենք վերադարձնում ենք այնքան ծավալ, որքան ավելի վաղ վերցրել ենք», – նշել է նա։

Բաղրամյանը նաև հիշեցրել է, որ Երևանի ՋԷԿ–ն Իրանի հետ «գազ էլեկտրաէներգիայի փոխարեն» կոմերցիոն գործարք է իրականացնում, որի համաձայն` իրանական գազը վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսվում է Իրան արտահանելու համար` գազի 1 խորանարդ մետրի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հաշվարկով։–0–