Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վանաձորի գազատարի վթարն ու դրա հետևանքները վերացվել են. փոխվարչապետ

06.02.2014, 14:32
Վանաձորի գազատարի խոշոր վթարն ու դրա հետևանքները վերացվել են, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Վանաձորի գազատարի վթարն ու դրա հետևանքները վերացվել են. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վանաձորի գազատարի խոշոր վթարն ու դրա հետևանքները վերացվել են, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Ինչպես նշեց փոխվարչապետը, մի քանի օր առաջ Վանաձորում գազատարի խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի պատճառով սպասարկող ընկերությունը, հաշվի առնելով վթարի մասշտաբը` ինչպես բարդության, այնպես էլ հետևանքների հարցում, որոշել է անջատել գազամատակարարումը բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Դա հանգեցրել է ջեռուցման հետ կապված բարդությունների ոչ միայն բնակելի տներում, այլև պետական հաստատություններում։ Վթարի վայրը պարզվել է, իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, որոնք թույլ են տվել արդեն չորեքշաբթի օրվանից Վանաձորում մասնակի վերականգնել գազամատակարարումը, իսկ նախօրեին երեկոյան գազի մատակարարումը լիովին վերականգնվել է», – ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ բավական ցուրտ եղանակային պայմաններում մարդիկ միացրել են էլեկտրական տաքացուցիչները, լարվածության արդյունքում սկսել են խափանումներ առաջանալ էներգամատակարարման ոլորտում։

Նրա խոսքով` արդեն աշխատանքներ են տարվում Վանաձորում վթարների վերացման և էներգիայի մատակարարման ուղղությամբ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ որոշ շենքերում ջեռուցման բացակայության պատճառով առաջին հարկերում սառել են ջրամատակարարման համակարգերը, և այժմ լուծվում է դրանց վերականգնման հարցը։

«Աշխատանքներ են տարվում համայնքային և պետական հաստատությունները, հիվանդանոցները ջեռուցման համակարգին միացնելու և դրանց նորմալ գործունեությունը վերսկսելու ուղղությամբ։ Նախատեսվում է, որ 1–2 օրվա ընթացքում բոլոր հաստատությունները բնականոն հուն կվերադառնան», – ասաց Գևորգյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հանձնարարեց այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում և անել հնարավոր ամեն ինչ` առավելագույնս կարճ ժամկետներում քաղաքացիների համար նորմալ պայմաններ ստեղծելու համար։ Նա նաև հանձնարարեց անձամբ իրեն զեկուցել ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վանաձորում ծագած բոլոր բարդությունների մասին։–0–