Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հարավային հոսքի» չեղյալ հայտարարելը կհարվածի անդամ երկրների տնտեսություններին. հարցում

17.02.2015, 14:09
«Հարավային հոսք» գազատարի կառուցումից հրաժարվելը բացասաբար կազդի նախագծի անդամ երկրների տնտեսությունների վրա, այդպիսին են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և բրիտանական  ICM Reseacrh հետազոտական ընկերության համատեղ անցկացված «Sputnik.Կարծիքներ»–ի հարցման արդյունքները։
«Հարավային հոսքի» չեղյալ հայտարարելը կհարվածի անդամ երկրների տնտեսություններին. հարցում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավային հոսք» գազատարի կառուցումից հրաժարվելը բացասաբար կազդի նախագծի անդամ երկրների տնտեսությունների վրա, այդպիսին են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և բրիտանական ICM Reseacrh հետազոտական ընկերության համատեղ անցկացված «Sputnik.Կարծիքներ»–ի հարցման արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։ Ընտրությունը կատարվել է ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։ «Ինչպե՞ս կազդի, ձեր կարծիքով, «Հարավային հոսք» նախագծի չեղյալ հայտարարելը ձեր երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա» հարցին հարցվածների գրեթե կեսը (56%) պատասխանել է, որ նախագծից հրաժարվելը բացասական հետևանք կունենա։ Միաժամանակ, Բուլղարիայում և Սերբիայում այդպիսի գնահատականի հետ համաձայն են հարցվածների երկու երրորդից ավելին, համապատասխանաբար, 64 տոկոս և 61 տոկոս։ Ավստրիայում այդ կարծիքը կիսում է հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, իսկ հարցվածների կեսը կարծում է, որ գազատարի կառուցման չեղյալ հայտարարելը չի ազդի երկրի տնտեսության վրա։ Հիշեցնենք, որ 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը ծրագրվում էր անցկացնել ՌԴ–ից Սև ծովի հատակով մինչև Բուլղարիա։ Այնուհետև կապույտ վառելիքը ծրագրվում էր բաշխել Եվրոպայի տարբեր երկրներով` ինչպես տարանցիկ «Հարավային հոսքի» համար, այնպես էլ այն երկրներով, որտեղ կգան գազամուղի եզրաշերտերը։ ԵՄ–ն դեմ էր գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթով արգելվում է համատեղել գազի արտադրում և տեղափոխում։ ՌԴ–ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ գազատարի վերաբերյալ ստորագրվել էին միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգափաթեթի համեմատ։ Բացի այդ, դրանք ստորագրվել են մինչև էներգափաթեթի ընդունումը։ Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնել է «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին։ Փոխարենը որոշվել է գազատար կառուցել դեպի Թուրքիա և Հունաստանի հետ սահմանին գազային հաբ ստեղծել հարավեվրոպացի սպառողների համար։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերով։ -0-