Ջրային տնտեսության պետական կոմիտեն սկսել է խմելու ջրի վարձակալի ընտրության մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ջրային տնտեսության պետական կոմիտեն սկսել է խմելու ջրի վարձակալի ընտրության մրցույթը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել խմելու ջրի ոլորտում «երկրորդ սերնդի» բարեփոխումների իրականացմանը և այդ բարեփոխումների շրջանակներում քայլերից մեկը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության հետագա խորացումն է՝ նպատակ հետապնդելով բարելավել ջրամատակարարման շարունակականությունը, ծառայությունների որակը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և ոլորտի ֆինանսական կենսունակությունը։
ՀՀ կառավարության որոշումներով ամրագրվել է, որ գործող պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո, մրցութային եղանակով ընտրվելու է մեկ օպերատոր, որին վարձակալական հիմունքներով 15 տարի ժամկետով փոխանցվելու է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը, և հանրապետության ողջ տարածքում կիրառվելու է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների միասնական սակագին։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Գերմանիայի Զարգացման Բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ մրցույթի կազմակերպման օժանդակության նպատակով ընտրվել և ներգրավվել են 3 միջազգային խորհրդատվական ընկերություններ` Fichtner (Գերմանիա)՝ ՊՄԳ անցումային խորհրդատու, աջակցում է մրցույթի նախապատրաստմանն ու անցկացմանը, Ramboll (Դանիա)՝ իրականացնելու է ջրամատակարար ընկերությունների տեխնիկական և ֆինանսական աուդիտ, Accounting & Audit Reform Consultants (AARC Ltd) (Իռլանդիա)` աջակցելու է գույքի հաշվառման, վերագնահատման և կադաստրային գրանցման հարցերում:
Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ (նախաորակավորման հայտերի բացման օր) է սահմանված 2016 թվականի հունվարի 21-ը: Նախաորակավորման արդյունքում կկազմվի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ընկերությունների կարճ ցուցակ, որոնց էլ 2016 թ. մարտի սկզբին կուղարկվեն մրցույթի մասնակցության հրավերներ (մրցութային փաթեթ):–0–