ՀՀ–ում պարենային ապրանքների գները հունիսին նվազել են 3,9%–ով
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների և ալկոհոլային խմիչքների գները 2018 թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 3,9%–ով։ Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։
ԱՎԿ–ի տվյալներով, պարենային ապրանքների գների նվազումը հիմնականում պայմանավորված էր բանջարեղենի գների անկմամբ (26,5%–ով)։
«Բանջարեղեն» խմբում գները 2018 թ.–ի հունիսին, 2017 թ.–ի հունիսի համեմատ, նվազել են 22,6%–ով, իսկ մեկ ամսում` 26,5%–ով։ Միրգն էժանացել է համապատասխանաբար 16,1 և 1,4%–ով։
Շաքարավազը հունիսին էժանացել է համապատասխանաբար 12,6 և 2,2%–ով։ Կաթնամթերքի, պանրի և ձվի գներն այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, չեն փոխվել, իսկ մեկ ամսվա ընթացքում նվազել են 2,1%–ով։
Մսամթերքը 2018 թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, թանկացել է 8,9%–ով, իսկ մեկ ամսվա ընթացքում գները չեն փոխվել։
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կարագի և յուղի գների աճ` համապատասխանաբար 15 և 0,8%–ով։
Ձկան և ձկնամթերքի գներն ամսվա ընթացքում ավելացել են 0,2%–ով, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գները` 1,3%–ով։
ԱՎԿ–ի տվյալներով, 2018 թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, սպառողական գները Հայաստանում ավելացել են 0,9%–ով։–0–