ՀՀ կառավարությունում քննարկվել են 2017-2019 թթ. ՀՀ պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեքշաբթի սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:
Վարչապետը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն ընդհանուր արդյունքի և գերատեսչությունների բնականոն գործունեության վրա:
Ընդգծելով, որ անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի և նվազեցնել պետական կառավարման համակարգի ծախսատարությունը՝ կառավարության ղեկավարը կոչ է արել պետական գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: –0–