ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատանքային խումբը կգնահատի «Նաիրիտ» գործարանի վիճակը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։
Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որի գործարկման համար, աուդիտորների նախնական գնահատականներով, անհրաժեշտ է մոտ 200–300 մլն դոլարի ներդրում։
Համաշխարհային բանկը «Նաիրիտի» հետագա շահագործման հեռանկարների, տեխնիկական և ֆինանսական գործունակության մասին հրապարակած նախնական հաշվետվությունում հանդես է եկել եզրակացությամբ գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, քանի որ դրա շահագործումը տնտեսապես շահավետ չէ, արտադրանքի առաքման գնահատման ինքնարժեքը գերազանցում է քլորոպրենային կաուչուկի նախատեսվող արժեքը։ Նշված գործոնները գործարանն անմրցունակ են դարձնում, որի հետ կապված` ՀԲ–ն խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը լուծարել «Նաիրիտը»։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։–0–