Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

«ՀԷՑ»-ի նոր սեփականատերը պետք է միջազգային ISO ստանդարտներ ներդնի

13.10.2015, 21:37
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ`էապես բարելավելով ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը, հայտնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
 «ՀԷՑ»-ի նոր սեփականատերը պետք է միջազգային ISO ստանդարտներ ներդնի

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ`էապես բարելավելով ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը, հայտնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդման համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար։

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝  2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Բացի այդ, գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։

Սեպտեմբերի վերջին Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի պայմանագիր: Գործարքին արդեն հավանություն են տվել Հայաստանի կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն էր։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։ Այն նաև Վրաստան և ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման արտոնագիր ունի։ -0-