Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀԲ–ն վերանայել է Հայաստանի տնտեսության աճի 2017–2019 թթ.–ի կանխատեսումը

10.01.2018, 15:09
Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի 2017–2019 թթ.–ի կանխատեսումը։
ՀԲ–ն վերանայել է Հայաստանի տնտեսության աճի 2017–2019 թթ.–ի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի 2017–2019 թթ.–ի կանխատեսումը։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Global Economic Prospects "Broad-Based Upturn, but for How Long?» հունվարյան ամփոփագրում։ 

Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2017 թ.–ին, հունիսյան գնահատականների համաձայն, բարձրացվել է 1 տոկոսային կետով` մինչև 3,7%, 2018 թ.–ին` 0,7 տոկոսային կետով` մինչև 3,8%, 2019 թ.–ին` 0,6 տոկոսային կետով` մինչև 4%։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2017 թ.–ին նախատեսված է 3,2%–ի սահմանում, 2018 թ.–ին` 4,5%–ի։

Բանկի գնահատմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության աճը, որտեղ ներառված է Հայաստանը, 2017 թ.–ին կկազմի 3,8%, այն դեպքում, երբ 2016 թ.–ին այն կազմել է 1,7%։

Տարածաշրջանի զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ռուսաստանն ու Թուրքիան։ Այսպես, Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 և 2018թթ.–ին ավելացել է` հասնելով 1,7%։ Թուրքիայում, ինչպես ակնկալվում է, ՀՆԱ–ն 2017 թ.–ին կավելանա 6,7%–ով, իսկ 2018 թ.–ին` 3,5%–ով։

Հետխորհրդային տարածքի երկրների թվից Ադրբեջանում 2017 թ.–ին սպասվում է տնտեսության անկում` 1,4%–ով, իսկ 2018 թ.–ին` 0,9%–ի աճ, Ղազախստանում` համապատասխանաբար 3,7%–ի և 2,6%–ի աճ, Բելառուսում` 1,8%–ի և 2,1%–ի աճ, Ղրղըզստանում` 3,5%–ի և 4,2%–ի աճ, Մոլդովայում` 3,5%–ի և 3,8%–ի աճ, Ուկրաինայում` 2%–ի և 3,5%–ի աճ, իսկ Վրաստանում` 4,3%–ի և 4,2%–ի աճ։

ՀԲ –ի կանխատեսմամբ, ակնկալվածից շատ ավելի հաջող 2017 թ.–ից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2018 թ.–ին կարող են հասնել 3,1%–ի ներդրումների հետագա վերականգնման, արդյունաբերության և առևտրի վերելքի հաշվին, ինչպես նաև հումքի գների կայունացման շնորհիվ, որը դրական է ազդում հումքային ապրանքներ արտահանող–զարգացող երկրների վիճակի վրա։

Ակնկալվում է, որ զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերը 2018 թ.–ին փոքր–ինչ կնվազեն` մինչև 2,2%, կենտրոնական բանկերի կողմից ֆինանսական խթանման հետճգնաժամային ծրագրերի աստիճանական դադարեցման պայմաններում։

Կանխատեսվում է, որ ձևավորվող շուկայական տնտեսության և զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը 2018 թ.–ին ընդհանուր առմամբ կավելանան` հասնելով 4,5%–ով հումք արտահանող երկրներում գործարար ակտիվության շարունակվող վերականգնման ֆոնին։–0–