Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հացահատիկային մշակաբույսերի նախորդ տարվա 440 հազ. տոննա ցուցանիշը 2012թ.–ին, հնարավոր է, կգերազանցվի. գյուղնախարարություն

23.08.2012, 14:30
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ  հացահատիկային մշակաբույսերի` նախորդ տարվա 440 հազ. տոննա ցուցանիշը 2012 թվականին կգերազանցվի, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Սամվել Գալստյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ  հացահատիկային մշակաբույսերի` նախորդ տարվա 440 հազ. տոննա ցուցանիշը 2012 թվականին կգերազանցվի, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Սամվել Գալստյանը։

Միաժամանակ, նա չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ ցուցանիշների է պետք հասնել 2012 թվականին։

Գալստյանի խոսքով, անոմալ եղանակային պայմանների, այդ թվում, նոյեմբերին կտրուկ ցրտի, ձմռանը ձնածածկույթի բացակայության, մարտ–ապրիլին սակավ տեղումների պատճառով երկրի որոշ մարզերում մեկ հեկտար հողից ստացվող հացահատիկի բերքն ավելի քիչ կլինի, քան նախորդ տարի։

«Սակայն աշնանացանի ընթացքում արձանագրվել է հացահատիկային ցանքատարածությունների ավելացում 18.5 հազար հեկտարով, ինչն անհրաժեշտ ծավալի բերք կապահովի։ Այդպիսով, մենք մտադիր ենք գերազանցել նախորդ տարվա ցուցանիշները»,– ասաց Գալստյանը։

Փոխնախարարը նշեց, որ նախարարության` օգոստոսի 20–ի օպերատիվ տվյալներով, Հայաստանում արդեն հավաքվել է 72-73 տոկոս ցորենի բերք, ինչը կազմում է շուրջ 165-170 հազար տոննա։

«Նաև հավաքվել է գարու 39.8 տոկոս բերք, ինչը կազմում է մոտ 90 հազար տոննա։ Հացահատիկի բերքահավաքը շարունակվում է»,– ասաց նա։

Գալստյանը նշեց նաև, որ այսօր Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, ԱՄՆ–ում, Կանադայում հացահատիկի բերքատվության կրճատման միտումներ կան, ինչի արդյունքում հացահատիկի միջազգային շուկայում որոշակի բարդություններ են առաջանում։

«Դա հաշվի առնելով` Հայաստանի կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որոնց թվում է սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործումը»,– ավելացրեց նա։

Սերմնաբուծության զարգացման ծրագրով նախատեսվում է 2010-2014 թթ-ին Հայաստան ներկրել ցորենի էլիտար տեսակի սերմ, որը կբաշխվի ֆերմերներին:

Ամեն տարի Հայաստանում օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից միայն պարենային նպատակներով` 435-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմում էր 380-420 հազար տոննա։ -0-