Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ներդրողները շահագրգռված են Հայաստանի պարտատոմսերով, երկիրն այդ շուկայից կարող է 2–3 մլրդ դոլար ներգրավել

25.10.2013, 13:12
Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերի անդրանիկ թողարկման բաժանորդագրումների ծավալը ցույց է տվել, որ ներդրողները շահագրգռված են մեր պարտատոմսերով, և երկիրը ևս 2-3 մլրդ դոլար կարող է ներգրավել այդ շուկայից, կարծում է Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերի անդրանիկ թողարկման բաժանորդագրումների ծավալը ցույց է տվել, որ ներդրողները շահագրգռված են մեր պարտատոմսերով, և երկիրը ևս 2-3 մլրդ դոլար կարող է ներգրավել այդ շուկայից, կարծում է Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։

«Եվրապարտատոմսերի շուկա մտնելու որոշումը ճիշտ էր, և մենք հույս ունենք, որ արտաքին ներգրավված ֆինանսավորման շուկայական պայմանները պետական ֆինանսների և պարտքի կառավարման արդյունավետության բարձրացման գրավական կդառնան», - ասաց Մոսիկյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Սակայն, նրա կարծիքով, արժեթղթերի եկամտաբերության վրա բացասական են ազդել երկու գործոններ` որոշ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնք տեղեկատվական առումով լավ չէին ծրագրված։
 
«Մենք կարծում ենք, որ կարելի էր տնտեսել մեկ տասնյակ բազային կետեր ավելի արդյունավետ մեդիածրագրման և անդերայթերների սինդիկատի ընտրության/թողարկման մենեջերների ավելի թափանցիկ գործընթացի դեպքում», - պարզաբանեց նա։

Խոսելով Հայաստանի ֆոնդային շուկայի վրա անդրանիկ եվրապարտատոմսերի թողարկման ազդեցության մասին` Մոսիկյանը նշել է, որ «Հայաստան» բառի հայտնվելը փոխառության կապիտալի միջազգային շուկայում կարող է բարձրացնել միջազգային ֆինանսական հանրության իրազեկվածությունը, և հավանականություն կա, որ ներդրողները երբեմն կամ ավելի հաճախ, քան մինչ օրս, «մեզ մոտ կմտնեն» հնարավոր այլ ներդրումների համար։

«Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, ապա այստեղ ազդեցությունը բավականին շոշափելի է։ Եվրապարտատոմսեր թողարկելով` պետությունը «նշել և անցկացրել է» կորպորատիվ այն բոլոր էմիտենտների ներքին շեմը, ներառյալ բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք պարտքային ռեսուրսներ են ներգրավում փոխառության կապիտալի միջազգային շուկաներից», – ասել է նա` ավելացնելով, որ որքան ցածր լինի Հայաստանի սուվերեն պարտատոմսերի եկամտաբերությունը, այնքան ավելի ցածր դրույքաչափերով բանկերը կկարողանան փողեր ներգրավել և, հետևաբար, տնտեսությունն ավելի ցածր տոկոսներով վարկավորել։

Մոսիկյանը նաև ընդգծել է, որ պետության կողմից ներգրավված ֆինանսները պետք է արդյունավետ օգտագործվեն, այսինքն պետք է ներդրվեն միայն այն նախագծերում, որոնք ունեն ավելի մեծ եկամտաբերություն, քան հենց վարկի տոկոսները։

«Իսկ եթե փողերը ներդրվեն այնպիսի նախագծերում, ինչպես մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը, ապա մենք ինքներս մեզ այնպիսի պարտքի փոսը կգցենք, որից միայն մեկն է ելքը` դեֆոլտ և  ինքնիշխանության կորուստ», – պարզաբանել է փորձագետը։–0–