Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի սուբսիդավորումը մինչև 2024թ․–ի վերջի կհասնի 7,5մլրդ դրամի

21.10.2024, 13:47
Սուբսիդիաների չափը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ը կազմել է 3 միլիարդ 273 միլիոն 621 հազար դրամ, իսկ հունիսի 1–ից մինչ օրս՝ ևս 1մլրդ 806մլն դրամ։ Կպահանջվի ևս 2,5մլրդ դրամ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի սուբսիդավորումը մինչև 2024թ․–ի վերջի կհասնի 7,5մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Երևանի ավտոբուս» հիմնարկին համայնքային բյուջեից տրամադրվող սուբսիդիաների չափը մինչև 2024 թվականի վերջը կկազմի 7,5 մլրդ դրամ։ Այս մասին երկուշաբթի կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամի ֆինանսավորում։ 

«Սուբսիդիաների չափը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ը կազմել է 3 միլիարդ 273 միլիոն 621 հազար դրամ, իսկ հունիսի 1–ից մինչ օրս՝ ևս 1մլրդ 806մլն դրամ։ Կպահանջվի ևս 2,5մլրդ դրամ», – տեղեկացրեց նա։

Ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը՝ Կիրակոսյանն ասաց, որ նախատեսվում է քաղաքային տրանսպորտային պարկի բոլոր ավտոբուսները համալրել GPS համակարգով։ 

«Այս սարքերը ձեռք կբերվեն մինչև տարեվերջ բոլոր Zhong Tong ավտոբուսների, ինչպես նաև 200 միավոր Higer ավտոբուսների և GazelCity փոքր դասի մեքենաների համար։ Դա թույլ կտա ամբողջ շարժակազմը միացնել Yandex համակարգին՝ ապահովելով հասարակական տրանսպորտի երթուղիների պատշաճ հետևում»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքով, ներկայումս պիլոտային կարգով ներդրվում են երթևեկության առցանց մոնիտորինգի և տեսահսկման համակարգեր։ Սա, նրա խոսքով, հնարավորություն կտա բացահայտել բոլոր թերություններն ու բացթողումները, ստանալ տվյալներ ուղևորահոսքի, արագության գերազանցման դեպքերի, երթուղուց շեղումների չնախատեսված վայրերում կանգառների մասին։

Կիրակոսյանը հավելեց նաև, որ այս տարի ձեռք բերված 171 Zhong Tong ավտոբուսների խմբաքանակից 79-ն արդեն հասցվել է քաղաք։ ($1 -387,25 դրամ)