Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը. 2012թ. երկրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով
20.06.2012,
11:14
Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը. 2012թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, աճել է 0.4%-ով և կազմել է 47,9, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը. 2012թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, աճել է 0.4%-ով և կազմել է 47,9, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ առաջին եռամսյակի համեմատ սպառողների վստահության ինդեքսն աճել է 1,5%-ով:
Ընթացիկ պայմանների ինդեքսն աճել է 6.2%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել է մասնավորապես եկամուտների փոփոխության ինդեքսը՝ 12.4%-ով: Նշենք, որ նախորդ եռամսյակում գրանցվել է այս ցուցանիշի շատ ավելի փոքր աճ՝ 2.4%: Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսների աճը կազմել է շուրջ 3-ական տոկոս՝ զգալիորեն զիջելով նախորդ եռամսյակի աճերին՝ համապատասխանաբար 38.7 և 24.5%:
Ապագա պայմանների ինդեքսը արդեն երրորդ եռամսյակն է շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 3.7%-ով՝ նախորդ եռամսյակի 7.4% նվազման դիմաց: Ապագա պայմանները գնահատող բոլոր ինդեքսներն էլ նվազել են: Մասնավորապես, գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսը նվազել է 5.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.6% նվազման դիմաց: Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության և ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասումները նվազել են շուրջ 3-ական տոկոսով՝ նախորդ եռամսյակի համապատասխանաբար 8.9 և 2.5% նվազումների դիմաց:
Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:
Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: --0--